Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

«Ակադեմքաղաք» ծրագրի այսրոպեական քաղաքական նպատակները

«Ակադեմքաղաք» ծրագրի այսրոպեական քաղաքական նպատակները
15.03.2024 | 07:25

Երեկ անդրադարձա փաշինյանական իշխանության «Ակադեմքաղաք» կառուցելու օտարածին ծրագրի քողարկված իրական նպատակներին։ Հնարավոր է, որ ժողովրդի դիմադրության շնորհիվ այդ ծրագիրը խափանվի ու մնա թղթի վրա։ Անգամ այդ դեպքում փաշինյանական իշխանությունը, շրջանառելով ու գովազդելով «Ակադեմքաղաքը», այսօր իսկ լուծում է մի շարք հակաժողովրդական ու հակահայկական խնդիրներ, որոնցից ստորև նշում եմ հիմնականները:

1. «Ակադեմքաղաք» ծրագիրը շեղում է հայ հասարակության ուշադրությունը Հայաստանի ռազմական անվտանգությունն ապահովելու կենսականորեն կարևոր հրատապ խնդիրներից, այն էլ՝ Ադրբեջանի հնարավոր խոշոր հարձակման նախաշեմին։

Քաղաքական մեծ շոու բեմադրելով՝ Փաշինյանը պարպում է հասարակության մտավոր հատվածի սուղ ռեսուրսները մի նոր, արհեստականորեն ստեղծված ուղղությամբ, ստիպում է մարդկանց մտածել սեփական ճակատագրի առջև ծառացած նոր, անհեթեթ, բայց վտանգավոր մարտահրավերների մասին։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմն ազատություն են ստանում հերթական տարածքային զիջումներով Ադրբեջանի պահանջները բավարարելու և սեփական իշխանությունը երկարաձգելու համար։

2. «Ակադեմքաղաք» ծրագրի անպատեհ և հանկարծակի առաջմղումով փաշինյանական իշխանությունը հրահրում է բուռն հասարակական քննարկումներ ու այդպիսով բաժանարար նոր գծեր անցկացնում՝ փորձելով միմյանց դեմ հանել պրոֆեսորադասախոսական կազմի ավագ և երիտասարդ սերունդների ներկայացուցիչներին, ավանդական և ազատական հայացքներ ունեցող ուսանողներին, մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի բնակիչներին, երևանցիներին և մյուս հայաստանցիներին առհասարակ։ Այդպիսի նենգ միջոցներով իշխանությունն ուժեղանում է, իսկ հասարակությունը՝ ավելի ու ավելի թուլանում։ Արդյունքում՝ մեծապես վնասվում ու վտանգվում են Հայաստանի պետության և ժողովրդի կենսական շահերը։

3. «Ակադեմքաղաք» ծրագրի միջոցով փաշինյանական իշխանությունը ստուգում-ընտրում է համալսարանական և ակադեմիական միջավայրում իրեն կուրորեն ենթարկվող, առավելագույնս հարմարվողական տարրերին՝ նրանց հետագայում ղեկավար պաշտոնների նշանակելու, իսկ «անհնազանդներին» բոլոր պաշտոններից զրկելու նպատակով՝ բնականաբար, հաշվի չառնելով ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների մասնագիտական ու բարոյական հատկանիշները։

4. «Ակադեմքաղաք» ծրագրի դեմ հանդես եկող հայրենասեր ու սկզբունքային գիտնականներին ու դասախոսներին պատժելով ու մյուսներին «դաս տալով»՝ փաշինյանական իշխանությունը փորձելու է ամբողջական վերահսկողություն հաստատել հայոց մտքի ու մտավոր աշխատանքի կառույցների վրա։

5. «Ակադեմքաղաք» ծրագրի շրջանառումը լուրջ անհանգստություններ ու անվստահություն է սերմանում գիտնականների և ուսանողների միջավայրում, համընդհանուր փլուզման ու վախճանի մթնոլորտ ստեղծում, որը ստիպում է շատերին մտածել երկրից արտագաղթելու մասին։ Հայաստանի մտավոր ռեսուրսների հետագա արտահոսքն ու դուրս մղումն իրենց հերթին նպաստելու են ՀՀ դրածո իշխանությունների քաղաքական կյանքի «կայունությանն» ու երկրի կամայական ու ապաշնորհ կառավարմանը։

6. Փակվելիք ԲՈՒՀ-երի շուրջը վերջին տասնամյակներում ձևավորված մանր ու միջին բիզնեսներն ու տնտեսությունները մեծ վնասներ են կրելու, շատերը սնանկանալու են։ Իսկ ԲՈՒՀ-երում և նրանց շրջակայքում աշխատող բանվորներն ու ծառայողները՝ գործազուրկ են դառնալու։ Դա ևս արտագաղթի լայն դուռ է բացելու։

7. Փոխարենը՝ պետական բյուրոկրատիան լայն հնարավորություններ է ստանալու կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու և իր համար հանցավոր գերշահույթներ ապահովելու՝ մեծ շինարարության ապագա գործարքները, տենդերներն ու այլ կարգի ֆինանսական ռեսուրսները («համեղ պատառները») բաշխելու և վերաբաշխելու միջոցով։

8. Փորձ է արվում նաև Փաշինյանի քաղաքական կերպարին գոնե ինչ-որ դրական գծեր հաղորդել՝ շինարարական մեգածրագրերի մասին խոսակցություններով կոծկել կամ առնվազն մեղմել նրա պետական դավաճանությունն ու ահռելի ձախողումները։

Կարճ ասած՝ եթե նույնիսկ դրածոների այս իշխանությունը չկարողանա լուծել իր առջև դրված «մաքսիմում ծրագիրը»՝ ԲՈՒՀ-երի ապամոնտաժումն ու տեղափոխումը Երևանից դուրս կառուցվելիք «Ակադեմքաղաք», այդ ծրագրի շրջանառումն ինքնին արդեն Հայաստանին ու հայությանը մեծ վնասներ է պատճառում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ